Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սա դավադրություն է, որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել Հայաստանը. Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն ամբողջ աշխարհին կոչ է արել ուշադրություն դարձնել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը մնացել է միայնակ բռնապետությունների դեմ և կարիք ունի լիակատար աջակցության Արևմուտքի կողմից։ Instagram-ի իր էջում այս մասին գրել է բրիտանացի երաժիշտ Բրայան Մեյը` անդրադառնալով սեպտեմբերի 13–ին Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։

«Սա դավադրություն է , որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել այդ երկիրը։ Երկու օր առաջ Հայաստանի սահմանամերձ խաղաղ գյուղերը հրետակոծվեցին Ադրբեջանի կողմից։ Այդ հարձակման նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին ու ապակայունացնել երկիրը»,-գրել է Մեյը։

Նա նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չունի նավթի կամ գազի պաշարներ։ Այն, Մեյի բնորոշմամբ, քրիստոնեության և ժողովրդավարության կղզյակ է, որը շրջապատված է բռնապետական երկրներով։
«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,2 մլն հայ սպանվեցին Օսմանյան կայսրությունում։ Դա վայրագ էթնիկ զտման գործողություն էր, որը Թուրքիան հերքում է մինչև այսօր»,- նշում է Մեյը` հավելելով, որ Հայստանն այսօր կրկին սպառնալիքի տակ է։
Նշենք, որ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը սեպտեմբերի սկզբին Երևանում էր «Սթարմուս» գիտության և արվեստի փառատոնին մասնակցելու նպատակով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։