ՌԴ–ն պատրաստ է ողջունել Նենսի Փելոսիի այցը Հայաստան, եթե այն արդյունք տա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ն պատրաստ է ողջունել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելսիի այցը Հայաստան, եթե այն իրապես կնպաստի հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն ամենը, ինչ ոչ թե խոսքերով, այլ գործով, և ոչ թե բարձրագոչ, պոպուլիստական ձևով, այլ իրականում լուռ և գործնական կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունելի լինել», – ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։
Նա նշել է, որ ժամանակի ընթացքում պարզ կլինի` «արդյոք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարություններն իրականում կարող են նպաստել այդ կարգավորմանը»։
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։
Փելոսիին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։