ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ-ում Կանադայի դեսպան Էլիսոն Լը Քլերն այսօր կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան վճռական բողոք է հայտարարվել Օտտավայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված միջադեպի պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի ԱԳՆ կանչված՝ Մոսկվայում Կանադայի դեսպան Էլիսոն Լը Քլերին վճռական բողոք է ներկայացվել չպարզված անձի հանցավոր գործողությունների կապակցությամբ, որը դյուրավառ խառնուրդով լի շիշ է նետել Օտտավայում Ռուսաստանի դեսպանատան տարածք, ինչպես նաև ագրեսիվ տրամադրված ցուցարարների կողմից, ժամանած ոստիկանական խմբի թողտվությամբ, Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ծառայողական մուտքի արգելափակման կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում Կանադայի դեսպանի ուշադրությունն են գրավել այն փաստի վրա, որ «ինչպես և Կանադայում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ թշնամական գործողությունների այլ դեպքերում՝ իրավապահ մարմինները չեն կանխել նշված միջադեպերը և չեն ձերբակալել մեղավորներին»:
Ռուսական կողմը պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արտասահմանում ռուսական հաստատությունների, ինչպես նաև դրանց աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների պատշաճ պահպանությունն ապահովելու ուղղությամբ` 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի վերաբերյալ կանադական կողմի պարտավորություններին համապատասխան: