ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդում պահվող հայկական ֆիլմերը կթվայնացվեն

Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովինին
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում, ռուսական «Իլուզիոն» կինոթատրոնում կցուցադրվեն «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուս պաշտոնյանները պատրաստակամություն են հայտնել հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակում աջակցել ԽՍՀՄ տարիներին նկարահանված և ներկայում ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպման գործում:
Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովինի հանդիպման ժամանակ, հայտնում են նախարարությունից։
Առաջարկվել է նաև դիտարկել հոբելյանական միջոցառումների շրջանակում «Իլուզիոն» կինոթատրոնում «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության ֆիլմերի համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը:
Ի դեպ, հայ կինոյի 100-ամյա հոբելյանի միջոցառումները նախատեսվում են 2023 թվականին և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում։
Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում 2022 թ. հունիսի 10-13-ը Ռուսաստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերին, որոնք կայացել են Մոսկվայում և Կիսլովոդսկում:
Իսկ «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հոկտեմբերի 6-7-ը: