Նենսի Փելոսին հեռացավ Հայաստանից. նրան ճանապարհեց Ալեն Սիմոնյանը

Փելոսին Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17–ի երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։
Փելոսիին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։