Մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին․ Փաշինյանի ուղերձը

ՀՀ կառավարությունը որոշել է չհետաձգել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության համար տարածքների համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրներից մեկն է: Այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի առիթով հղած ուղերձում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ միջտարածաշրջանային շփումները հիանալի հնարավորություն են մարզերի գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման համար։
«Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից օգտվելու պարագայում մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին»,–նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համաժողովը ևս մեկ քայլ է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության առաջմղման գործում։
«Թեև այս համաժողովը թվով իններորդն է, և միջտարածաշրջանային մակարդակում արդեն իսկ կան ձևավորված կապեր և գործընկերային հարաբերություններ, այնուհանդերձ, կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և տարեցտարի լուծումներ ստանան»,- նշել է վարչապետը:
Ըստ վարչապետի` համաժողովի այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական է և հավակնոտ:
Պուտինը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի կապերի մասին. նա ուղերձ է հղել
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիային, կառավարությունը որոշել է չհետաձգել ծրագրված աշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Հավելենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում մեկնարկել է Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովը։ Ծրագիրը ներառում է կլոր սեղանների անցկացում` քննարկելու տարածաշրջանների լոգիստիկ և ներդրումային ներուժի զարգացման, թվայնացման, ինչպես նաև հումանիտար համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության արդիական հարցերը:
Ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան։