Կարևոր է կանխել քաղաքական մանիպուլյացիաները. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյան
Հակառուսական հռետորաբանության դադարեցմանը զուգահեռ հայ գործարարը կարևորում է նաև Ռուսաստանում հայկական համայնքի ուժերը Հայաստանի շուրջ համախմբելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում կանխել Հայաստանում իրավիճակն ապակայունացնող քաղաքական մանիպուլյացիաները։
«Այսօր մենք տեսնում ենք տարբեր ուժերի կողմից հրահրվող բազմաթիվ նման օրինակներ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է էլ ավելի մեծ էսկալացիայի։ Կարևոր է գնահատել այս կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հետագա թշնամական հռետորաբանությունը»,– ասված է հայտարարության մեջ:
Հայաստանում ստեղծված իրավիճակի կայունացմանը, նրա դիտարկմամբ, հնարավոր է օգնել պետության ամրապնդմանն ուղղված համակարգված աշխատանքով՝ հիմնված իրական աշխարհաքաղաքական դաշնակիցների վրա, որոնցից գլխավորը Ռուսաստանն է։
«Չի կարելի անտեսել այն փաստը, որ վերջին տարիներին Ռուսաստանը և Հայաստանը զարգացրել են կայուն գործընկերային և դաշնակցային հարաբերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում։ Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջև պառակտում մտցնելու միակ նպատակով»,– նշում է Կարապետյանը։
Հակառուսական հռետորաբանության դադարեցմանը զուգահեռ հայ գործարարը կարևորում է նաև Ռուսաստանում հայկական համայնքի ուժերը Հայաստանի շուրջ համախմբելը։
Պուտինը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի կապերի մասին. նա ուղերձ է հղել
Սեպտեմբերի 16-ին Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին։ Կարապետյանն ընդգծել է, որ կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Սեպտեմբերի 19–ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ։