Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Իրանը պատրաստ է օգնել Հայաստան-Ադրբեջան լարվածությանը վերջ դնելուն. ԱԳՆ ներկայացուցիչ

Նասեր Քանանի. Արխիվային լուսանկար
Նասեր Քանանին նշել է, որ Հայաստան-Ադրբեջան երկխոսություն սկսելու համար քաղաքական կամք է պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է օգնել Հայաստան-Ադրբեջան լարվածությանը վերջ դնելուն և երկու կողմերի միջև տարաձայնությունները լուծել հարևանության և բարեկամական հարաբերությունների հիման վրա: ԱՄՆ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նա նշել է, որ Իրանն իր հստակ դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ բազմիցս պաշտոնապես արտահայտել է տարբեր մակարդակներում:
«Ցավոք, նախորդ շաբաթ ականատես եղանք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանային հակամարտության, ինչը հանգեցրեց երկու կողմերից էլ մեծ թվով մարդկային զոհերի և վիրավորների։ Որքան հնարավոր է շուտ Իրանը ձեռնամուխ է եղել իրավիճակի հանգուցալուծման համար ջանքեր գործադրելուն»,–ասել է Քանանին։
Նա հիշեցրել է, որ Իրանի ղեկավարները զրուցել են երկու կողմերի հետ։ Քանանին հավելել է` Իրանը փորձել է դիվանագիտական ջանքերով հրադադար հաստատել:
«Մենք հավատում ենք, որ հակամարտությունների դադարեցմանը և լարվածության նվազեցմանը կարող է նպաստել քաղաքական երկխոսությունը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, Իրանի քաղաքականությունը պարզ է. կարծում ենք, որ երկու երկրներում երկխոսություն սկսելու և տարածաշրջանային շրջանակներն օգտագործելու համար քաղաքական կամք է պետք։ Դա կօգնի վերջ դնել հակամարտություններին»,–հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։