ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ–ն պետք է մտածի Անկարայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու մասին և տնտեսական ճնշման միջոցներ կիրառի` հաշվի առնելով այն, որ Թուրքիան ուզում է միանալ ՇՀԿ–ին։ Այս մասին Welt պարբերականին հայտարարել է Բունդեսթագում «Միություն-90/կանաչներ» խմբակցության արտաքին քաղաքական փորձագետ Յուրգեն Տրիտտին։
«Թուրքիան խանգարում է ՆԱՏՕ–ին հետևել Լիբիա զենքի մատակարարման ՄԱԿ–ի էմբարգոյին։ Այն հորատում է իրականացնում Հունաստանի տնտեսական գոտում։ ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան ավելի շատ բան է անում Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Էրդողանն արգելակում է ՆԱՏՕ–ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը։ Իսկ հիմա այն Իրանի հետ միասին ցանկանում է միանալ ՇՀԿ–ին», – ասել է նա։
Տրիտտինի կարծիքով` Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու ժամանակն է, ԵՄ–ն պետք է մտածի տնտեսական պատժամիջոցների մասին, քանզի երկիրն անհնար է հանել ՆԱՏՕ–ից։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: