Որևէ պարագայում չի կարելի Հայաստանը վերածել մի տարածքի, որտեղ կբախվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի շահերը, որովհետև դա մեր պետականության և մեր ժողովրդի անվտանգության համար կարող է հղի լինել լուրջ հետևանքներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերլուծելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը մեր երկիր, նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ին։ Նա առաջին անգամ էր Հայաստանում։ Նրան ուղեկցում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
«Որևէ պարագայում իրանական կողմը չի կարող անուշադրության մատնել իր ախոյան պետության բարձրաստիճան պաշտոնյայի այցը հարևան պետություն, հետևաբար իրանական կողմը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայաստանյան այցի առթիվ չափավոր մտահոգությամբ արձագանքներ հնչեցրել է ԶԼՄ–ներով ու փորձագիտական մակարդակով»,– ասաց իրանագետը։
Ոսկանյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է առաջ շարժվեր երկու հիմնական ուղղությամբ` նախ ձգտեր ԱՄՆ-ից ստանալ հնարավորինս կոշտ արձագանք Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ, հասներ այդ երկրին Վաշինգտոնից տրամադրվող ռազմաքաղաքական օգնության լիակատար դադարեցմանը։
«Երկրորդ ուղղությամբ Հայաստանը կարող էր ջանքեր գործադրել ու հնարավորինս նպաստել, որպեսզի Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ մեղմվեն ամերիկյան պատժամիջոցները, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից։ Եվ եթե ԱՄՆ–ն կողմնակից է, որ ՀՀ–ն ունենա ավելի բարձր սուբյեկտայնություն, ապա դա կլիներ այն տիրույթը, որտեղ կկարողանայինք համադրել Միացյալ Նահանգների, ՌԴ–ի ու Իրանի շահերը` դառնալով մի հարթակ, որտեղ կողմերը կխոսեն միմյանց հետ»,– նշեց իրանագետը։
Անդրադառնալով արարողակարգային այն դրվագին, որ Նենսի Փելոսին հրավիրվել էր Գաֆեսջյան կենտրոն և ելույթի համար նրան թույլատրվել էր կանգնել Ավարայրի ճակատամարտի նկարի առջև` Ոսկանյանն ընդգծեց, որ իրանցիներն ուշադրությամբ հետևում են նշանաբանական ազդակներին։
«Մերձավոր Արևելքում պետություններն ու ազգերը շատ հաճախ ուղղակի խոսքերով չէ, որ արտահայտում են իրենց դիրքորոշումները։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի ելույթը միտված էր Իրանին հստակ ուղերձ փոխանցելուն։ Այլ խնդիր է, թե այցը կազմակերպողներն ինչ տրամաբանությամբ էին գնացել այդ քայլին։ Չգիտեմ` անխոհեմություն, թե անպատրաստվածվություն կոչել նման քայլը, բայց ամեն դեպքում Հայաստանը չպետք է դառնա մի հարթակ, որտեղից կարվեն հակաիրանական հայտարարություններ երրորդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,– ասաց Ոսկանյանը։
Նրա կարծիքով` Ավարայրի ճակատամարտի նկարի դիմաց կազմակերպված ելույթն ու հատուկ անդրադարձը նկարի բովանդակությանը չէր կարող պատահական լինել և պարզապես նշանաբանական մակարդակում ուղերձի փոխանցում էր իրանցիներին, ովքեր շատ լավ հասկանում են այդ ուղերձները, գրանցում են իրենց մոտ և որևէ պարագայում հախուռն կերպով չեն արձագանքում։
«Պետք է արձանագրել, որ մեր ժողովուրդն Իրանի հանդեպ տածում է բարեկամական զգացմունքներ, և դրանք որևէ պարագայում չեն փոխվի։ Իշխանությունները գալիս ու գնում են, բայց հայ-իրանական բարեկամությունն ու հարաբերություններն ունեն դարավոր պատմություն։ Այդ իրողությունը պետք է ընկալեն այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ–ում հայտարարություններ անելիս կամ խորհրդանշական ուղերձներ փոխանցելիս»,– ասաց իրանագետը։
Հիշեցնենք, որ պաշտոնական այցի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Ազգային ժողովում, առանձնազրույց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ապա համատեղ ճեպազրույց է տվել նույն ԱԺ-ում։ Ավելի ուշ նա այցելել է Գաֆեսճեան արվեստի կենտրոն, իսկ երեկոյան հանդիպել է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ։ Փելոսիին ընդունել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։