ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նշելով, որ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 10։41-ին։
Ըստ հաղորդագրության` բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «Opel Astra»-ն գլխիվայր շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները անցորդների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Նույն դեպքի առնչությամբ shamshyan.com-ը հայտնում է, որ «Ապարան» ԲԿ է տեղափոխվել 10 անձ։