Ապաշրջափակումը Ռուսաստանից մինչև $5 մլրդ ներդրում կներգրավի Հայաստան․Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. Արխիվային լուսանկար
ՌԴ ղեկավարությունը պատկերացնում է հնարավոր ներդրումային նախագծերը, որոնք վաղուց քննարկվում են ռուսական բիզնեսի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 сен – Sputnik. Ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բացումը նախադրյալներ կստեղծի Ռուսաստանից 4,5-5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի համար։ Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որի ելույթը հրապարակվել է կառավարության կայքում։
«Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, որը նախատեսված է մեր երկրների առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններով, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսական զարգացման և նոր ներդրումների ներհոսքի համար։ Մենք պատկերացնում ենք, թե ինչ նախագծեր կարող են լինել, վաղուց քննարկում ենք դրանք մեր բիզնեսի հետ», - ասել է Օվերչուկը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը, 2022 թվականի հունվար-հուլիսին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով գրեթե 50 տոկոսով: Ռուսաստանից Հայաստան արտահանումը կազմել է 1,4 մլրդ դոլար և աճել է 40,5 տոկոսով, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ մոտ 600 մլն դոլար (աճել է 66,3 տոկոսով)։
«Կուտակված ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի գրեթե 40%-ը, դա մոտ 2 մլրդ դոլար է: Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ։ Դրանց մի մասն այստեղ խոշորագույն հարկատուներ են։ Դա և՛ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, և՛ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, և՛ «ՄՏՍ Արմենիան», և՛ «Ռուսական երկաթուղիներ», «Ռոսատոմ» ՓԲԸ-ն», - նշել է Օվերչուկը։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս ավելացնել Հայաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային, ինչպես նաև հանքարդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Նշենք, որ համաժողովին մասնակցել են նաև ՌԴ տարբեր շրջաններից ժամանած մի քանի տասնյակ ձեռնարկությունների ներկայացուցիչներ: