ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ»,– ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
«Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինված ուժերի համառ և հերոսական դիմադրության և միջազգային հանրության ներգրավման շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվել է, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը վիժեցնելու և Հայաստանի Հանրապետությանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն»,– ընդգծել է ԱԽ–ն:
Հայաստանի Հանրապետությունը, որդեգրած լինելով խաղաղություն հաստատելու, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգ, անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարվող սպառնալիքի և հարկադրանքի քաղաքականությունը:
Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում Ադրբեջանի վրա շարունակաբար ճնշումներ գործադրել ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերջ դնելու և զորքերը հետ քաշելու ուղղությամբ և ողջունում ենք բոլոր այն երկրներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել հստակ դիրքորոշմամբ: Միևնույն ժամանակ վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»,– ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։