Զորամասի տարածք ապօրինի մուտք գործած տղամարդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտե
Նա հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին:
Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 1-ին մասով և 297-րդ հոդվածի (Խուլիգանություն) 1-ին մասով: Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: