ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին փակ հանդիպում է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ԶՈւ ագրեսիայի, ինչպես նաև Բաքվում գտնվող հայ ռազմագերի վերաբերյալ հարցեր։
«Մենք շատ հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը և ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին։ Խոսքը ոչ միայն ծավալների, այլև ռազմաքաղաքական աջակցության մասին է, ինչից Ադրբեջանն ավելի լկտի և ագրեսիվ է դառնում։ Խոսել ենք նաև հաջորդ տարի օգնություններն ու օժանդակությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին»,– նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց նաև, որ ներկայացրել են նաև Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին առչնվող փաստեր, անդրադարձել են Հայաստանի ներքին ժողովրդավարությանը, Արցախի կարգավիճակին և այլ հարցերի։
Սաղաթելյանը հայտնեց, որ կոնգրեսականները վստահեցրել են` միայն հայտարարություններով չեն սահմանափակվի, ԱՄՆ վերադառնալուց հետո քննարկումներ կունենան խնդիրների շուրջ։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նկատեց, որ շատ մարնամասներ չեն կարող հայտնել, քանի որ հանդիպումը փակ է եղել, սակայն շեշտեց, որ հանդիպման տևական մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը։
Հավելենք, որ Նենսի Փելոսիի հետ ընդդիմադիրների հանդիպման առաջարկը եղել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։ Մասնակցել է ընդդիմադիր խմբակցություններից 6 մարդ։