ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի և հայ–ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նրա հնչեցրած ուղերձների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։
«Խոր ափսոսանք է առաջացնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ խեղաթյուրող հայտարարությունը։ Ադրբեջանի հասցեին Փելոսիի ներկայացրած անհիմն և անարդար մեղադրանքներն անընդունելի են»,– ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիան Ադրբեջանի ԱԳՆ–ում անվանել են սահմանազատված պայմանական սահմանին տեղի ունեցած միջադեպ, ինչպես նաև հայկական սադրանք։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ներկա պահին պահպանվում է հրադադարի ռեժիմը և, ընդհանուր առմամբ, կանխվել է իրավիճակի էսկալացիան։
Նախարարությունում ընդգծել են, որ Փելոսին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, և իր պատվիրակությունում Կոնգրեսի հայամետ անդամների ներկայությունն ուղղակիորեն վկայում է այդ մասին։
Գերատեսչությունում շեշտել են, որ պալատի խոսնակի այցը Հայաստան տեղի է ունենեում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։
«Փելոսին օգտագործում է այս այցը, որպեսզի ստանա ԱՄՆ–ում հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունն իր ներքաղաքական օրակարգում»,– հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ–ում։
Փելոսիի հռետորաբանությունը Բաքվում համարել են նաև լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։
«Նմանատիպ միակողմանի քայլերը և անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում խաղաղության կարգավորմանը, այլ հակառակը` լարվածության աճին»,– ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Երևանում Նենսի Փելոսին հայտարարել է, որ Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում է Ադրբեջանի դաժան հարձակումը Հայաստանի տարածքի և ինքնիշխանության վրա։