Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Կին զինծառայողներն ու աշխարհազորայինները ցուցաբերել են բացառիկ խիզախություն. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը
Նրանք դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամուն՝ պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. 2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումները` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։ Կան բազմաթիվ վիրավորներ։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։