Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա

Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ:
Այս մասին գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի Մինասյանն ու սերժանտ Նարեկ Մխիթարի Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա:
Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող սերժանտ Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:
Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է»,-գրել է Թորոսյանը:
Ստորաբաժանման փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Հայկական կողմը հաստատում է` Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել 32 հայ զինծառայողի դի
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։