Բայդենի համար առաջնային է հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը. Փելոսի

Նենսի Փելոսի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի խոսքով` հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև Կոնգրեսի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին Երևանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
«ԱՄՆ–ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային գործընթացի կայուն, խաղաղ կարգավորմանը։ ԱՄՆ–ն վաղուց նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ և շարունակաբար տեղի ունեցող ռազմական գործողությունները նորանոր կյանքեր ենխլելու»,– նշեց Փելոսին։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը ընդգծեց, որ իրենց պատվիրակությունը Հայաստան է ժամանել քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության և տնտեսության հետ կապված հարցերը։
Նշենք, որ Փելոսին Երևանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, թե ինչ կարող ենք անել. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
Երկօրյա այցով Հայաստան ժամանած ամերիկացի հյուրերն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել Ազգային ժողովում։ Նախատեսվում է նաև հանդիպում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հետ։