Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Անահիտ Ավանեսյանը Սյունիքում այցելել է կայազորային հոսպիտալ ու բժշկական կենտրոններ

Անահիտ Ավանեսյանը Սյունիքում այցելել է կայազորային հոսպիտալ ու բժշկական կենտրոններ
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։ Կան բազմաթիվ վիրավորներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձինք շարունակում են բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այցով Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման ընթացքին։
Այցի ժամանակ ներկայացվեց Ադրբեջանի հավանական ագրեսիաների դեպքում բժշկական կենտրոնների պատրաստվածության աստիճանը»,-մասնավորապես գրել է նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։ Կան բազմաթիվ վիրավորներ։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։