Զապորոժիեի ԱԷԿ–ը կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ԱԷԿ–ը. Արխիվային լուսանկար
ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ հայտարարել էր, որ իրավիճակը ԶԱԷԿ–ում շարունակում է անկայուն մնալ մարտական բախումների պատճառով, որոնք առկա են կայանի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ը շուրջ մեկ շաբաթ գեներատորների և էլեկտրահաղորդման պահուստային գծերի օգտագործումից հետո կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին։ Այս մասին այսօր հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ):
«Ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված էլեկտրահաղորդման 4 հիմնական արտաքին գծերից մեկը, և Ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից», – ասվում է գործակալության կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 205-րդ օրը։