ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանի և Թուրքիայի միջև ցանկացած հակամարտություն կարող է ՆԱՏՕ-ի փլուզման հանգեցնել, թեպետ հիմա իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական է, անկախ այն բանից, որ երկու երկրների հարաբերությունները հերթական անգամ սրվել են։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Պանթեոն» համալսարանի պրոֆեսոր, թուրքագետ–վերլուծաբան Դիմիտրիս Ստաֆակոպուլոսը։
«Դեռ Թուրքիան ավելի շատ խոսում է և ավելի քիչ անում։ Սակայն դրանից պետք չէ հանգիստ լինել։ Կարծում եմ, որ զինված հակամարտություն չի լինի ոչ միայն այն պատճառով, որ Հունաստանը պատրաստ է նման սցենարի և նման բան թույլ չի տա, այլև այն, որ նույնիսկ մի փոքր հակամարտությունը կարող է հանգեցնել ճգնաժամային իրավիճակի, ՆԱՏՕ–ի փլուզման։ Դա դաշինքի համար մեծ խնդիր կդառնար, երբ այն ձգտում է ընդլայնման Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության պատճառով», – կարծում է Ստաֆակոպուլոսը։
Նրա խոսքով` ավելի շատ հավանական է, որ ՆԱՏՕ-ն «կքաշի երկու երկրների ականջները» և կխնդրի հարաբերությունները պարզել միմյանց հետ, ինչը Թուրքիայի հետ Հունաստանի հաշտեցում կնշանակի։
«ՆԱՏՕ–ի մեր ընդհանուր դաշնակիցների խորհրդով ագրեսորին մեր զրուցակիցը կդարձնենք։ Ինձ համար դա պարտություն կլինի, որն արդեն կրել ենք Հյուսիսային Մակեդոնիային առնչվող հարցում։ Այդ երկրին ենք մենք փոխանցել մեր ազգային անվանումը։ Թուրքիան այդ գործողության մեջ Հունաստանի թուլությունն է տեսել, Հունաստանի, որն իրեն դրսևորել է որպես դաշնակիցներին լսող երեխա։ Նա անում է այն, ինչ նրան ասում են Ամերիկան և Գերմանիան։ Եթե Հունաստանը զիջել է Պելոպոնեսի չափերի փոքր երկրին, մի՞թե այն չի զիջի մեծ Թուրքիային։ Այդպես է մտածում նախագահ Էրդողանը», – նկատել է փորձագետը։
Ստաֆակոպուլոսի կարծիքով` Ուկրաինայում ընթացող պատերազմը թուրք առաջնորդին ցույց է տվել Արևմուտքի թուլությունը` պարենային ինքնավարության և էներգետիկայի առումով։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Թուրքիան դանդաղ շրջվում է Եվրասիայի կողմ, որին իր բնական տարածքն է համարում։
Էրդողանը կարծում է, որ Թուրքիան կզարգանա և կգոյատևի ստեղծված իրավիճակում, ի տարբերություն արևմտյան երկրի, այդ թվում հույների, որոնք 30-40 տարի անց կվերանան սննդի, էներգիայի պակասի և ժողովրդագրական ճգնաժամի պատճառներով։
«Այնպես որ Էրդողանը Հունաստանի հետ զինված պատերազմ վարելու պատճառներ չունի։ Նա կարծում է, որ մենք կընկնենք, հասած պտուղի նման, ինչպես ժամանակին ընկավ Բյուզանդիան 400 տարվա պաշարումից հետո», – եզրափակել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին օգոստոսի 23-ից հետո, երբ, ըստ Անկարայի հաղորդման, թուրքական F-16–ները Էգեյան ծովի օդային տարածքում կատարում էին ՆԱՏՕ–ի առաջադրանքներ, կործանիչները «որսացել» են Կրետե կղզում տեղակայված հունական ՌՕՈւ–ի Ս-300 ԶՀՀ–ի ռադարները։ Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են ՆԱՏՕ–ի մակարդակով բարձրացնել Հունաստանի կողմից իրենց ռազմական ինքնաթիռների հետապնդման հարցը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Հունաստանը թանկ կվճարի, եթե այդպես շարունակի։