ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզ է այցելել, հանդիպել մարզպետի հետ և եղել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ–ից։
Փամբուխչյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկել է վերջին օրերին ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
ՀՀ ԱԻ նախարարը Սյունիքում քննարկում է կազմակերպել մարզպետի ու ԱԻՆ աշխատակիցների մասնակցությամբ
© Photo : official site of MES of RA
Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այնուհետև Փամբուխչյանը և Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում գտնվող փրկարարներից ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում:
Հավելենք, որ երեկ Փամբուխչյանն այցելել էր Ջերմուկի ՀՓՋ-ի շենք, որը վնասվել է ադրբեջանական հրետակոծության արդյունքում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։