Նուր-Սուլթանն էլի Աստանա կդառնա, նախագահը կպաշտոնավարի 7 տարի. Տոկաևի փոփոխությունները

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը . Արխիվային լուսանկար
Ղազախստանի նախագահն ավելի վաղ առաջարկել էր այս աշնանը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, չնայած նրան, որ իր առաջին 5-ամյա ժամկետն ավարտվում է միայն 2024 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունները, որոնց համաձայն նախագահական մանդատի մեկանգամյա 7 տարվա ժամկետ է սահմանվում և մայրաքաղաքը Նուր-Սուլթանից վերանվանում է Աստանայի։ Այս մասին հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարը ստորագրել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ անելու մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 1-ին Ղազախստանի նախագահ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում առաջարկել էր այս աշնանը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, չնայած նրան, որ իր նախագահության առաջին 5-ամյա ժամկետն ավարտվում է միայն 2024 թվականին։ Նա նաև ասել էր, որ ընտրություններից հետո հանդես կգա նախագահի լիազորությունների ժամկետը 5-ի փոխարեն 7 տարի դարձնելու նախաձեռնությամբ, բայց առանց վերընտրվելու իրավունքի։ Այսօր նույն մարդը անընդմեջ երկու անգամից ավելի նախագահի պաշտոնին ընտրվել չի կարող։
Սեպտեմբերի 2-ին «Նոր Ղազախստան» պատգամավորական խումբն առաջարկել էր Սահմանադրության մեջ նախագահական մանդատի 7 տարվա վերաբերյալ նորմ մտցնել մինչ սպասվող ընտրությունները և նախագահ ընտրել արդեն այս տարվա աշնանը` 7 տարի ժամկետով։ Սեպտեմբերի 12-ին Տոկաևը Սահմանադրական խորհրդին խնդրել էր ստուգել պատգամավորների այս առաջարկը մայր օրենքին համապատասխանելիության առումով և դրական եզրակացություն էր ստացել։
Օրինագիծը նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանը Աստանայի վերանվանելու մասին նորմ էր պարունակում։ Սեպտեմբերի 15-ին խորհրդարանը միաձայն ընդունեց այս օրենքն ու ուղարկեց նախագահին` ստորագրման։