ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին հայտարարել է առաքելության առաջապահ խմբի ղեկավար, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Այսօրվա հիմնական խնդիրն այն տարածքներ, այն վայրեր այցելելն է, որտեղ բախումներ են եղել. տեղանքի հատվածներում, բնակավայրերում, հայկական կողմի դիրքերում, որոնք հրետակոծվել են։ Փորձում ենք լինել առավելագույնս օբյեկտիվ, այդ պատճառով հավաքում ենք փաստեր», – ասել է Սիդորովն իրեն ուղեկցող ռուսաստանցի լրագրողներին։
Գեներալը նշել է, որ ՀԱՊԿ-ը ջանում է խաղաղ ճանապարհով կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանների լարվածությունը ։
«Միևնույն ժամանակ, մեր և՛ կանոնադրության, և՛ փաստաթղթերի, և՛ բուն Հավաքական անվտանգության մասին պայմանագրում գրված է, որ առաջնահերթություն է տրվում քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։ Այդ իսկ պատճառով մենք դեռ սուր պատյանից չենք հանում և աշխատում ենք խնդիրն առավելագույնս լուծել խաղաղ ճանապարհով։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքը մեծ հեռանկար ունի և՛ այստեղ, և՛ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում», – ընդգծել է նա։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը, նիստի ժամանակ խորհուրդը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով և դիտարկել կարգավորման հարցով ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու առաջարկները։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությանը։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15–ին։