Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը եղել է ՀՀ սահմանի տարբեր հատվածներում

Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ցույց են տվել ՀՕՊ-ի զորամասերից մեկի տարածքում կրակոցների հետևանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը` գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, այսօր դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում: Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք ուղեկցում են ՀԱՊԿ առաքելության առաջատար խմբին։
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ՀԱՊԿ պատվիրակություններին ցույց են տվել ՀՕՊ-ի զորամասերից մեկի տարածքում կրակոցների հետևանքները:
Բացի այդ, առաքելությունն այցելել է Գորիս քաղաք և Սյունիքի մարզի Ակներ գյուղ, որտեղ հրետակոծության հետևանքով վնասվել է բնակելի տունը:
Նշենք, որ ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը` գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ղեկավարությամբ, Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15–ին: Ժամանելուն պես Սիդորովը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. քննարկվել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը:
Միջպետական պայմանագրի շրջանակներում ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը զբաղվում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությամբ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։