ԶՈւ–ի գործունեությունը խաթարելու փորձերը պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվեն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը. կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի անվտանգության նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի` անկախ մոտիվացիաներից, գործող անձանց էմոցիոնալ վիճակից։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո դեպքեր ենք ունեցել, որոնցով ինտենսիվ քննություն է գնում։ Որևէ անձի, որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել, և որտեղ որևէ մեկն օրենքի գիծն անցնում է, իրավական համակարգի ազդեցությունը պետք է ամենակոշտ ձևերով զգա։ Սա պետական անվտանգության հարց է, և այստեղ չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը. կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի անվտանգության նկատմամբ։ Ըստ նրա` ԱԱԾ-ն պետք է կոնկրետ մեթոդներ ձեռնարկի, այդ թվում համագործակցողներին նույնպես բացահայտի, քանի որ գործակալական ցանցեր կան։