ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին, հայտնում է վարչապետի աշխատակազմը։
«ՎԶԵԲ նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը։ Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել: