ՇՀԿ–ն մի կառույց է, որի դերն աշխարհում գնալով մեծանում է, նրա անդամ երկրները պնդում են, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ, ուստի փորձում են աշխարհաքաղաքական նոր պայմաններում իրենց դիրքավորումն ավելի հստակեցնել, և եթե հաշվի առնենք, որ Հայաստանն էլ ՇՀԿ–ի հետ ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, հետևաբար ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀ ղեկավարը մասնակցեր կառույցի գագաթնաժողովին նույնիսկ Հայաստանի նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի պարագայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում հռչակագիր է ընդունվել, որում արտացոլվել են ՇՀԿ–ի անդամ պետությունների համախմբված դիրքորոշումները՝ կազմակերպության հետագա զարգացման հարցերի հետ և գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների առնչությամբ։
«Գագաթնաժողովին մասնակցել–չմասնակցելով, իհարկե, չի վճռվում Հայաստանի բախտը, բայց այնուամենայնիվ կար հնարավորություն այդ ազդեցիկ կազմակերպությունում մասնակցել քննարկումներին, որոնք վերաբերում են նոր աշխարհակարգի կառուցման մեխանիզմներին և կարողություններին։ Առաջին դեմքերից հնարավոր էր ավելի խորքային ու երկարաժամկետ գործընթացների մասին ստանալ գնահատականներ, առավել ևս, որ հետյասու ապրելու ենք բազմաբևեռ աշխարհում, ինչն արդեն իսկ մոտ է իրականությանը»,– նշեց քաղաքագետը։
Պողոսյանի կարծիքով` ՇՀԿ–ի գագաթնաժողովում մեր երկրի ղեկավարի մասնակցությունը պետք է ասոցացվեր ոչ թե հայ–ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության հետ, այլ կառույցում առկա ազդեցիկ երկրների ղեկավարների հետ կարևոր քննարկումներին մասնակվելու անհրաժեշտության, քանի որ Սամարղանդում քննարկվել են գլոբալ գործընթացներ, որոնց առնչությամբ պետությունները փորձում են ընդհանուր ռազմավարական մոտեցումներ մշակել և օգտվել այն հնարավորություններից, որոնք թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական տեսնակյունից կարող է տալ նոր աշխարհակարգը։
Հիշեցնենք, որ ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաև Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: