Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Սոթքում տարհանման պահին 3 մարդ է վիրավորվել, 1–ի վիճակը ծանր է. համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում վնասի չափերը այս պահին դեռ ճշտվում են
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ադրբեջանական հրետակոծության արդյունքում 3 քաղաքացիական անձ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը` հավելելով, որ նրանք վիրավորվել են տարհանման ժամանակ։
Նա հավելեց նաև, որ իրենց համայնքում զոհեր, բարեբախտաբար, չկան։
«Գյուղում մոտ 1000 բնակիչ կա։ Այս պահին կանայք և երեխաները դրսում են։ Տղամարդիկ գալիս են, իրենց կովերին կերակրում են ու էլի գնում են»,– ասաց համայնքապետը։
Սևակ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել , թե որքան է տուժել համայնքը, ասաց` վնասի չափը դեռ ճշտվում է։
Նա նաեւ վստահեցրեց, որ վերջին երկու օրերին, ոչ մի կրակոց Սոթքում չի հնչել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։