Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Փաշինյանն ու Բլինկենը քննարկել են ՀՀ սահմանային տիրող իրավիճակը. Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Երևանին ու Բաքվին խնդիրների կարգավորման հարցում աջակցելու Վաշինգտոնի պատրաստակամությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը: Հայտնում ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Ըստ տեղեկությունների՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։
«Պետքարտուղար Բլինկենը փոխանցել է մեր ցավակցությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։ Պետքարտուղարը հաստատել է մեր հավատարմությունը խաղաղ կարգավորման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն ցուցաբերելուն», – ԱՄՆ Պետքարտուղարության կայքի փոխանցմամբ՝ նշել է Փրայսը:
Բլինկենի խոսքով՝ դիվանագիտությունն է հարցի լուծման միակ ճանապարհը։ Պետքարտուղարը հավաստիացրել է, որ անձամբ է զբաղվելու այդ խնդրով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն գրանցվել։