Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԻԵԴ–ը հայ գերիների մասով հարցում է արել Ադրբեջանին` ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը

ՄԻԵԴ. Արխիվային լուսանկար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից ճշտում է տեղեկատվություն գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների ու առողջական վիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով։ Այս մասին նշված է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրությունում ասվում է, որ ՄԻԵԴ–ը ակնկալում է գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների ու առողջական վիճակի մասին տեղեկատվություն` ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը։
Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա
Հիշեցնենք, որ 2020 թվականի որոշմամբ ՄԻԵԴ–ը կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները նաև գերիների մասով։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշել է նաև, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, իսկ արդյունքները պարբերաբար լրացվում են Եվրոպական դատարան ուղարկված դիմումներով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի։
Սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ հայտարարեց, որ վերջին 2 օրվա ընթացքում Հայաստանը Եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով և ստացել պատասխաններ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը։