ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում որոնում են ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբերին։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով ադրբեջանական հարձակմանը հաջորդած իրավիճակը։
«Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»,– ասաց Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերում նրանց հաջողվել է դուրս շպրտել։
«Բարեբախտաբար, որևէ բնակավայր չի գրավվել ու որևէ բնակավայրում հակառակորդ չկա։ Բայց, ինչպես արդեն ասվել է` տարբեր տեղերում Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ–ի ինքնիշխան տարածքում»,– ասաց Սիմոնյանը։
Աժ նախագահը հիշեցրեց, որ հայկական կողմը այս պահի դրությամբ պաշտոնապես 135 զոհ ունի` միաժամանակ չբացառելով, որ թիվը կավելանա` զոհերի ու անհայտ կորածների նույնականացումից հետո։
Ինչ վերաբերում է հակառակորդի զոհերին, Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ եթե պաշտոնապես հայտարարվել է 77, ապա իրականում թիվը 3-4 անգամ ավելի մեծ է։
Հավելենք, որ այսօր Ջերմուկում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները Ջերմուկի ուղղությամբ խորացել են 7.5 կմ, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ՝ 1-2 կմ, իսկ Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։