Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ջերմուկի հյուսիսային հատվածից հակառակորդի 50-60 հոգանոց խումբն այսօր հետ է քաշվել. Ասրյան

ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Ջերմուկում
Գլխավոր շտաբի պետը հայտնեց` ադրբեջանական միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցների մոտ, որն էլ զրկված է կենսունակությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Ջերմուկի հյուսիսային հատվածում հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Տեսախցիներով դիտարկել ենք, որ հակառակորդի խումբը հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման»,–ասաց Ասրյանը։
Նա հայտնեց նաև, որ ադրբեջանական միայն մեկ խումբ է գտնվում Ջերմուկի մատույցների մոտ, որն էլ զրկված է կենսունակությունից, կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումներով. «Միայն մեկ կետում է հակառակորդը Ջերմուկի մատույցներից գտնվում 4.5 կմ հեռավորության վրա, իսկ բլրի գագաթից դեպի հյուսիս և հարավ հակառակորդի մխրճման խորությունը 8-10 կմ են»։
Սակայն, ըստ Ասրյանի, եթե հակառակորդի այդ խմբին սնունդ և ջուր չտրամադրեն, ինչը կանխելու ուղղությամբ էլ աշխատում է ՀՀ զինված ուժերը, մի քանի օրվա ընթացքում ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն դուրս գալ։ Նրա խոսքով` մարտավարական իրադրությունը կայուն է, և հմուտ գործողությունների արդյունքում` ադրբեջանական խումբը հետ կքաշվի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտնեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։