ՀՀ–ի և ՉԺՀ–ի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը կնպաստի գործարար կապերի ամրապնդմանը

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությունը կնպաստի գործարար կապերի ամրապնդմանը։ Այս և այլ թեմաներով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանը հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Նշվում է, որ հանդիպման նպատակը եղել է քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն երկկողմ զբոսաշրջության զարգացմանը, այլև գործարար կապերի ամրապնդմանը։
Երկու երկրների միջև փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։