ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունն ընդունել է Սլովակիայի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիրը։ Նշված համաձայնագիրը ստորագրվել է ապրիլին երկու երկրների ներկայացուցիչների կողմից։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։
Համագործակցությունը զարգացնելու համար կստեղծվի հայ-սլովակյան միջկառավարական հանձնաժողով.
Նշենք, որ Հայաստանի և Սլովակիայի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է շուրջ 24,3 մլն դոլար։ Հայաստանի համար առևտրի հաշվեկշիռը դրական է (14,3 մլն դոլար)։ Հայաստանը Սլովակիա է արտահանում հիմնականում հագուստ։