ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. 2022 թ–ի սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանի 23 դպրոցներում մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը։ Տեղեկությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ներկայացված տվյալների համաձայն` 23 դպրոցներից 7-ում դասավանդվում է պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն:
Նախարարությունից նաև հայտնում են, որ տվյալ 23 դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են կա՛մ խմբակի ձևաչափով, կա՛մ 3-րդ օտար լեզվի, կա՛մ երկու ձևաչափերով միաժամանակ:
Խնդիրն այն է, որ դասավանդման ձևից կախված` տարբեր են նաև դասավանդողի մասնագիտական որակների նկատմամբ պահանջները. խմբակի դեպքում անհրաժեշտ է, որ դասավանդողն ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն, իսկ 3-րդ օտար լեզվի ուսուցման դեպքում գործում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված պահանջները (մանկավարժական որակավորում, աշխատանքային ստաժ, վերապատրաստում, ատեստավորում և այլն)։
Հարցին, թե որքանով է Հայաստանն ապահովված անհրաժեշտ մասնագետներով, նախարարությունից հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ ու զանգեր են ստանում մասնագետներից, որոնք ծրագրի շրջանակում տարածաշրջանային լեզու դասավանդելու ցանկություն են հայտնում: Նրանց տրամադրվում է տարածաշրջանային լեզուներով ուսուցում իրականացնելու պատրաստակամություն հայտնած հաստատությունների ցանկը: Իսկ նման հաստատությունների թիվը շուրջ 400 է։
«Քննարկումների ընթացքում հաստատություններին տեղեկացվել է, որ համապատասխան մասնագետ ունենալու դեպքում նրանք ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը կազմակերպելու հարցում»,– հայտնում են նախարարությունից։
ԿԳՄՍՆ–ից հետաքրքրվեցինք նաև` արդյոք դիտարկվում է թուրքերենի, ադրբեջաներենի, վրացերենի կամ պարսկերենի դասավանդումն ապահովելու համար դասաժամերը ՀՀ քաղաքացիներից բացի նաև այլերկրների քաղաքացի մասնագետներին տրամադրելու հարցը։ Նախարարությունից այս հարցին պատասխանել են. «Այս պահի դրությամբ նման առաջարկներ չկան: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»:
4 լեզուներով դասավանդման ծրագրերի, դասագրքերի, ուսուցիչների ու աշակերտների համար կրթական նյութերի առկայության վերաբերյալ նախարարությունից հայտնեցին, որ առարկայական ծրագրերը մշակելիս ԿԳՄՍՆ–ն համագործակցել է համապատասխան մասնագետների և Երևանի պետական համալսարանի հետ: Մշակված ծրագրերը ներկայացվել են մասնագիտական կարծիքի, որից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը համապատասխան հրամանագրով թույլատրել է գործածության մեջ դնել դրանք:
«Ինչ վերաբերում է դասագրքերին, հայտնում ենք, որ ծրագիրը ներկայում փորձարկվում է, որի արդյունքների հիման վրա կմեկնարկի դասագրքերի ստեղծման գործընթացը»,– հայտնում են ԿԳՄՍՆ–ից:
Հիշեցնենք` հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի մեկնարկը տրվել է այս ուսումնկան տարվանից` 2022 թվականի սեպտեմբերից:
Ծրագրի համաձայն, ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպվելու է բացառապես ավագ դպրոցներում` 10-12-րդ դասարանների սովորողների համար: Իսկ վրացերենի և պարսկերենի ուսուցումը կազմակերպվում է կրտսեր ու միջին դասարաններից սկսած: