Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հակառակորդը Ջերմուկում մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 7.5 կմ խորությամբ ճակատով. Ասրյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը
Գլխավոր շտաբի պետը հայտնեց` ներկա դրությամբ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կմհեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ջերմուկում հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ։ Տեղում դեսպանների հետ հանդպմանն ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Մխրճումներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խմբերով ու ջոկատներով»,–ասաց Ասրյանը։

Նրա խոսքով` ներկա դրությամբ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա։ Նա հավելեց, թե անմիջապես «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը, և դեսպաններին շուտով ցույց կտա այն։
Ասրյաի խոսքով` որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։
Նա նշեց, որ Ջերմուկը մինչ ռազմական գործողությունը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։