ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ռազմական դրություն հայտարարելը, կարող է դիտարկվել որպես ագրեսիա։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով ադրբեջանական հարձակմանը հաջորդած իրավիճակը։
«Որովհետև մեր հարևան երկիրը մշտապես և հարձակումից առաջ արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, ինչ–որ պրովոկացիա ենք արել և այլն»,– ասաց Սիմոնյանը։
Մոբիլիզացիայի հարցում, ըստ նրա, կա 2020թ–ի ցավալի փորձը, երբ, նրա գնահատմամբ, շատ ավելի լավ են կռվել ու իրենց դրսևորել ժամկետային զինծառայողները, իսկ մոբռեսուրսները շատ ավելի թույլ վիճակում են եղել։
ԱԺ նախագահը չհերքեց, որ սահմանամերձ բնակավայրերում տեղի ուժերով մոբիլիզացաի տեղի է ունենում։
«Այն բնակավայրերը, որտեղ ներխուժման վտանգ կա և գտնվում են անմիջականորեն սահմանի մոտ, գործողություններ են իրականացվում և մարդկանց զենք ու համապատասխան ամեն ինչ բաժանվում է»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը միաժամանակ վստահեցրեց, որ բանակը զենքով ու անհրաժեշտ ամեն ինչով ապահովված է, ու այդ ուղղությամբ անհրաժեշտ ամեն բան արվում է։ Իսկ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում փաստաթղթային բոլոր հարցերը նախօրոք արդեն պատրաստված են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։