Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայ-ադրբեջանական սահմանին այսօր ժամը 09:00-ի դրությամբ փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Հայ–ադրբեջանական սահման. Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը սահմանի մասին վերջին տեղեկությունը հաղորդել էր երեկ ժամը 23։00–ի սահմաններում, որում կրկին ասվում է, որ սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։