Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Չինաստանի ԱԳՆ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել տարաձայնությունները լուծել երկխոսությամբ

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի- Sputnik. Չինաստանը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը քաղաքական երկխոսության միջոցով կլուծեն տարաձայնությունները։ Այսօր նման կարծիք է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ադրբեջանն ու Հայաստանը Չինաստանի համար բարեկամական գործընկերներ են։ Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետևեն հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին ու կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից, ինչպես նաև կկարողանան վերացնել քաղաքական երկխոսության միջոցով հակասություններն ու տարաձայնությունները», - ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։