ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ և Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից որևէ մարտակական գործողություն չի իրականացվում։ Իր ֆեյսբուքյան էջում նման հայտարարություն է տարածել Արարատի համայնքապետարանը։
Հայտարարությունում նշվում է, որ կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։
Համայնքապետարանը հորդորում է չտարածել ոչ պաշտոնական տվյալներ և չտրվել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված սադրանքներին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։