Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Առանձին երկրների դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ. Միրզոյանը` ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Արարատ Միրզոյանը կառավարության նիստին
ԱԳ նախարարը նշեց, որ շատ երկրներ համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում ՀՀ տարածք Ադրբեջանական զորքերի ներխուժման հարցի քննարկման արդյունքում որևէ փաստաթուղթ չի ընդունվել։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Սակայն, ըստ նախարարի, միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է մի շարք հարցերի շուրջ։ Այսինքն` երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, օգտագործվել է «ագրեսիա» տերմինը։ Միրզոյանի խոսքով` բազմաթիվ երկրներ քննարկման ժամանակ անդրադարձել են ԼՂ խնդրին և Ադրբեջանի ղեկավարության թեզը, թե այլևս ԼՂ չկա և ԼՂ հիմնախնդիր չկա, երեկ իր համարժեք արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։
«Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև։ Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել»,–ասաց Միրզոյանը։
Նշենք, որ Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ–ն դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ ԱԽ-ին, որտեղ այդ հարցով 2 քննարկում արդեն կայացել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։