Ռուսական նավթի վրա դեկտեմբերյան էմբարգոն Արևմուտքին ստիպում է նյարդայնանալ: Սպասում են ոչ միայն էներգակիրների դեֆիցիտի, այլև գների կտուկ բարձրացման: ԱՄՆ-ում, որտեղ վառելիքային գնաճը շատ բարձր է, փորձում են կանխել դա` է´լ ավելի շատ պաշարներ վաճառելով ռազմավարական պահուստներից: Որքա՞ն «սև ոսկի» են պատրաստ «կճուճից» հանել ամերիկացիները և արդյո՞ք նավթային «գրոհները» կօգնեն նրանց` ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Նատալյա Դեմբինսկայայի հոդվածում:
Վախենում են բարձրացումից
ԵՄ-ի պատժամիջոցների վեցերորդ փաթեթին համապատասխան` դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտնում Ռուսաստանից նավթի, իսկ փետրվարի 5-ից՝ նավթամթերքների ծովային մատակարարումների էմբարգոն: «Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են կապել դա նաև ռուսական ածխաջրածինների գների «բարձրագույն կետի» հետ:
Մոսկվան արդեն զգուշացրել է, որ կդադարեցնի հումքի վաճառքը նրանց, ովքեր կմիանան սահմանափակումներին: Վերլուծաբանները կարծում են, որ այդ դեպքում շուկայի ապակայունացումն անխուսափելի է, ընդ որում` կտուժեն նախևառաջ եվրոպական և ամերիկյան սպառողները։
Նեղ օրվա համար
Bloomberg-ի տվյալներով` Բայդենի աշխատակազմում «ուսումնասիրում են նավթի գների իջեցման մեխանիզմները, այդ թվում` ռազմավարական պահուստներից լրացուցիչ ծավալներ ազատելու հնարավորությունը»:
Փորձագետների կարծիքով` Եվրոպայի հրաժարվելը ռուսական էներգակիրներից համաշխարհային շուկայում պահանջարկի և գնանշումների հերթական բարձրացում կառաջացնի: Եթե Սպիտակ տունը որոշի պահուստները գործարկել, ապա վառելիքային «գրոհներ» հնարավոր են նոյեմբերին, դեկտեմբերին և հունվարին:
ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պահուստը (SPR), որը պահվում է գետնի տակ` Լուիզիանայում և Տեխասում, արտակարգ իրավիճակների դեպքերի համար, հսկայական պաշարներ են: 2021-ի վերջին դրանք գնահատվում էին 600 մլն բարել:
Սակայն բենզինի կտրուկ թանկացման պատճառով ստիպված են եղել բացել «կճուճը»։ Մարտին Բայդենը հայտնել էր կես տարվա ընթացքում 180 մլն լրացուցիչ բարել շուկա դուրս հանելու մասին:
Սա աննախադեպ քայլ է: 2000 թվականին, երբ հյուսիս-արևելյան նահանգներում վառելիքը չէր բավականացնում, և 2011-ին` «արաբական գարնան» ֆոնին, արդյունահանում էին 30 միլիոնից ոչ ավելի: 2021թ.-ի վերջին մի փոքր հատկացրին գնանշումները 100 դոլարից ցածր պահելու համար: Չօգնեց:
Կարճաժամկետ ազդեցություն
Թե որքան պահուստային նավթ կօգտագործեն այս անգամ` առայժմ չի հստակեցվում: SPR-ում հիմա 442,5 միլիոն բարել կա: Բայդենի ծրագրի իրագործումից հետո կմնա 338 միլիոն` նվազագույն քանակը 1984 թվականից հետո, նշում է Capital Lab-ի գործընկեր Եվգենի Շատովը:
«ԱՄՆ-ում պաշարներն ամբողջությամբ ծախսելու մտադրություն չունեն, բացի այդ, կես տարվա սահմանաչափ են նախատեսել, քանի որ ենթադրում էին արդյունահանման ավելացում օրական մեկ միլիոն բարելով: Սակայն ավելացավ ընդամենը 0,3 միլիոնով` օրական մինչև 12 միլիոն»,-պարզաբանում է փորձագետը:
Վերլուծաբաններն ընդգծում են, որ նավթի համաշխարհային շուկան այս պահին պահանջարկի և առաջարկի առումով հավասարակշռված է: Այլ հարց է, որ գների վրա ազդում է ոչ միայն առաջիկա էմբարգոն։ Հումքն էժանանում է հետընթացի սպասումների, ինչպես նաև Չինաստանում քովիդի նոր բռնկումների պատճառով, որտեղ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը ամբողջ շրջաններ և քաղաքներ է փակում:
«Նավթը վառ արտահայտված ներքև ուղղված թրենդի մեջ է հունիսից, երբ սկսվեց անկումը մեկ բարելի դիմաց 127 դոլարից: Սեպտեմբերի վերջին տեսականորեն հնարավոր են հունվարից ի վեր նվազագույն նիշերը` 80 դոլար և ավելի քիչ»,-նշում է Total Research-ի ռազմավարական ուսումնասիրությունների դեպարտամենտի մասնագետ Միխայիլ Օգանեզովը:
Այնուամենայնիվ, նավթային էմբարգոյի պայմաններում ձգձգված լոքդաուններից Չինաստանի դուրս գալը կավելացնի սպառումը և, համապատասխանաբար,նաև գները: Ամերիկյան պահուստները հազիվ թե ազդեն շուկայի դինամիկայի վրա:
«Ռազմավարական պաշարների վաճառքի զսպող ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի մի քանի շաբաթով»,-կարծում է «Սինարա» ներդրումային բանկի վերլուծական բաժնի տնօրեն Կիրիլ Տաչեննիկովը:
Միակ բանը, ինչի հույսը կարող են ունենալ Վաշինգտոնում` երկրի ներսում գները մի փոքր իջեցնելն է: Հավանականությունը, որ ընտրություններից հետե կոնգրեսը կորոշի սրտահանել պահուստային նավթը` այսքան թանկ բենզինի պարագայում, շատ փոքր է: