Սյունիքի Ներքին Հանդ գնացած փրկարարին գտել են, նրա հետ ամեն ինչ կարգին է

Սյունիքի մարզ, Ներքին Հանդ. Արխիվային լուսանկար
Փրկարարը Սյունիք է գնացել ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերը վերադարձնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի Ներքին Հանդ մեկնած փրկարարին, որի հետ կապը կտրվել էր, գտել են։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հայտնել ենք, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապը կորել էր։
«Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»,–գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: