«Փյունիկ»–«Սլովան»` 2։0. մեր թիմն առաջին հաղթանակը տարավ խմբային փուլում

«Սլովանի» գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսին նշել էր, որ 2 անգամ իր գլխավորած թիմերը պարտվել են հայկական թիմերին (Սլովակիա- Հայաստան 0։4 և «Ալաշկերտ» - «Կայրաթ» ` 3:2), և հուսով է, որ 3–րդ խաղում կհաղթի վերջապես։ Բայց այս անգամ էլ Վայսը խաղադաշտից հեռացավ պարտված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկն» Արտակ Դաշյանի և Յուսուֆ Օտուբանջոյի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթանակի հասավ Բրատիսլավայի «Սլովանի» նկատմամբ։
«Փյունիկ»-«Սլովան» խաղը սկսվեց Գեորգի Չակվետաձեի` մեր թիմի դարպասին ուղղված հարվածով։ Առաջին իսկ րոպեին «Սլովանը» գրոհ կազմակերպեց, որն ավարտվեց վրացի ֆուտբոլիստի հարվածով։
«Փյունիկի» պատասխանը հետևեց րոպեներ անց, երբ Ալեքսանդր Կարապետյանը շրջադարձ հարվածով փորձեց գրավել դարպասը, բայց գնդակը գնաց ուղիղ դարպասապահի վրա։
Մեծ հաշվով` հավասարազոր մրցակիցների խաղ էր։ Երկու կողմերն էլ բավականին երկար էին խաղարկում գնդակն ու նոր միայն գնում առաջ, բացի այդ` բավականին մեծ ուժերով էին պաշտպանվում։ Բայց մեր թիմը պարզապես պոռթկաց առաջին կեսի վերջնամասում. Արտակ Դաշյանի խփած գոլն ուրախացրեց ու հույս տվեց։
Հիանալի մրցաշրջան անցկացնող Դաշյանը հեռվից կրակեց ու հյուրերի դարպասապահին ստիպեց սխալվել։ Հաշիվըդարձավ 1։0` հօգուտ մերոնց։
Երկու րոպե անց աչքի ընկավ արդեն Յուսուֆ Օտուբանջոն ու մարզաշապիկի տակ գրվածքով հուզեց շատերին։
Stand with Armenia, peace (կանգնած ենք Հայաստանի հետ՝ խաղաղություն): Հաստատ «Փյունիկի» գոլերն այս պահին պետք են բոլորիս, ու երբ տեսնում ես, որ սևամորթ ֆուտբոլիստն էլ է մտահոգված Հայաստանի հետ կապված իրավիճակով, չհուզվել չես կարող։
Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը` լուսանկարներով
Սակայն ինչպես ասում են՝ սա ֆուտբոլ է։ Եվ խմբային փուլում մեր թիմի առաջին գոլերը սեփական հարկի տակ առաջին հաղթանակը տոնելու լուրջ հայտ էին։
Ընդմիջմանը «Սլովանի» կազմում երկու փոփոխություն տեղի ունեցավ. հյուրերի մարզիչ Վլադիմիր Վայսը խաղադաշտ դուրս բերեց իր գլխավոր ռեզերվը` հանդիպման ընթացքը բեկելու համար։
Արդյունքում երկրորդ կեսի մեկնարկային տասը րոպեների ընթացքում հյուրերը խաղային որոշակի առավելություն ունեին, բայց մերոնք շատ լավ պաշտպանվում էին։
Վայսն իր թիմի հարձակողական ներուժն ավելացնելու համար գնաց բոլոր հնարավոր ռիսկերին, սակայն «Սլովանը» գոլային պահ ընդհանրապես չուներ մինչև 77-րդ րոպեն, երբ հյուրերն իրար հետևից երկուգոլային պահ ստեղծեցին։ Հաշիվը, սակայն, մնաց անփոփոխ։
Մնացած ժամանակում կողմերը «սպառնալիքներ» ստեղծեցին, բայց ռեալ գոլային պահերին գործը չհասավ։
«Փյունիկը» դարձավ հայկական առաջին ակումբը, որը Եվրագավաթների խմբային փուլում հաղթանակ է տոնում։
Բրավո, «Փյունիկ». հայկական ակումբն անցավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ
Հաջորդ խաղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Փյունիկն» անցկացնելու է հոկտեմբերի 6-ին։
Այդ օրը մեր չեմպիոնը հյուրընկալելու է Վիլնյուսի «Ժալգիրիսին»։