ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը Կլաարին է ներկայացրել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանի ձեռնարկած քայլերը։
«Հայկական կողմն անթույլատրելի է համարում նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։ Ադրբեջանական կողմի`նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական և համարժեք դատապարտումը», - ասել է Միրզոյանը։
Երկուստեք կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը։
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: