Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կրկին կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. Արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սեպտեմբերի 14-ին քննարկման ժամանակ բոլորը կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին նշված է ՄԱԿ ԱԽ նիստի օրակարգում։
Նշվում է, որ քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակի առնչությամբ։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սեպտեմբերի 14-ին քննարկման ժամանակ բոլորը կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև քաղաքական-դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորմանը, ավելի վաղ հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև հրադադար կհաստատվի:
Հավելենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահում է Ֆրանսիան։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Ժամը 20-ից հետո կրակը բոլոր ուղղություներով գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնել են ՊՆ-ից։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։