Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն պահպանվի. Կանադայի ԱԳ նախարար

Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը Ժոլիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հստակ, հասցեական ու համարժեք արձագանքի կարևորությունը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման նպատակով գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։
Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն գրանցվել։