ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն` մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով այսօր երեկոյան Հայաստան է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները:
Պապիկյանը հույս է հայտնել, որ խումբն արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:
Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։